Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հարություն Արմենյանի «Ճանապարհն ու մենք. առաքյալի հետքերով» գիրքը. Ֆելիքս Բախչինյան

Հարություն Արմենյանի «Ճանապարհն ու մենք. առաքյալի հետքերով» գիրքը. Ֆելիքս Բախչինյան
29.09.2022 | 07:27

Եթե համարենք, որ ճամփորդական նոթագրությունը գրական ժանր է, որն ընթերցողին համակարգված ձևով ներկայացնում է նրան անհայտ կամ քիչ ծանոթ երկրների, կարծիքների, ժողովուրդների մասին, ու նաև, սեփական վերլուծություններով բացահայտումներ անում, ապա Հարություն Արմենյանի գիրքը գեղեցիկ օղակումներով ճախրող մի թռչուն է, որ վերից է իր գույները գցում այդ ամենի վրա ու շարունակում սեփական թռիչքը, թե՛ ժանրի, թե՛ թեմայի մեջ նոր որակների հասնելու համար։


Սուրբ Հակոբի խորհրդով դեպի Սանտյագոյի նրա անվան տաճար ուխտի ելած միլիոնավոր մարդկանց ապրածի մեջ կա մի ուրիշ, հավաքական ապրում, որի մեջ Արմենյանը իր մասն է դնում, որը հայկականության հավաքական ապրումի, հայկական ոգու տիրույթներում է։ Ուխտագնացության ողջ ճանապարհին, նույն ճանապարհի հետ անընդհատ արթնացող իր մասով նա մասնակցում է հավաքական ապրումին, որի նպատակը ևս ընդհանուր է, և որի մասին նա այսպես է ասում, թե՝ «Այս ճանապարհին մենք պիտի գտնենք մեր ուղին»։
Առաջին իսկ էջից հանդիպում ես այնպիսի պատկերների ու երևույթների, որոնց մատուցումով հասկանում ես, որ մատուցվածը հենց միայն այն չէ, որ լի է ներկա հաճելի գրավչություններով կամ անցյալի պատմությունով, այլ դրանք ուղեկցվում են քո սեփական էության, ազգային որակների ու արժեքների խորքերից այդ ամենի ֆոնին հայտնված, քեզ ևս չլքող ապրում-հիշողություններով։


Այս գիրքն, իսկապես, հայեցի հոգու հուշագրություն է, հայկական խորքեր ունեցող անհատի նոթագրություն՝ քո առջև բացվող նոր աշխարհների ֆոնի վրա։
Ահա հենց առաջին նկարագիրը, ուր լեռնային դժվարին ճանապարհով բարձրանալու և իջնելու չափագրական տվյալներից հետո, «Հոս խրճիթներ չկան այլևս//Հոս հարուստ Եվրոպան է» ասելուց և 15 երկրներից եկած ուխտավորների խմբին միանալուց հետո ոչ թե Եվրոպայի ու տարբեր ժողովուրդների առանձնահատկություններն են գրավում հեղինակին, այլ նրա ապրումն այսպիսին է՝


Անձրեւ ու մշուշ
Տեսլադաշտէն շատ բան մշուշին հետ կորսուած է
Նաեւ Տիրամօր արձանը
Թարմ կանաչ է ամէն կողմ
Շարան շարան ոչխարներու հօտեր
Հովիւը սարում տխրեց, սիրոյ երգը նուագե՜ց
Բարձրաձայն՝
-Հինգալա՜, հինգալա՜
Որքան սեր, հայկական թախիծ ու աշխարհի մեջ ազգային եզակի քո տեսակի հետ անկորնչելի մտերմություն կա այստեղ։


Եվ այսպես, հայկականության հավաքական կերպարով դեպի առաջ, դեպի Սանտյագո, ուխտագնացություն դեպի Սուրբ Հակոբի տաճար, որը երկրորդն է աշխարհում իր այցելուների թվով։ Խոսքն այստեղ ոչ այնքան ճանապարհի վերջնակետի, տաճար հասնելու, այնտեղ արդեն լինելու մասին է, որքան՝ նրան տանող ճանապարհի համար պատրաստված լինելու։ Ու ահա հենց դա է ըմբոշխնում ընթերցողը, քայլ առ քայլ, էջ առ էջ հանդիպելով գրողի մտքի, ոգու, զգացումների ու ապրումների հստակ վերաբացումներին։


Մտքի ու տրամաբանության, հոգևոր ու ներաշխարհային, իրական ու զգայական ապրումների հրաշալի զուգորդումների մի փունջ է մեր առջև, որի կենտրոնում թեմատիկորեն ամբողջանում է ուխտագնացություն երևույթը, սակայն իր ոգեղեն ընկալումների մեջ։ Ուխտագնացություն կոչվող այդ ոգեղեն պատկերը, եթե տեղադրենք գրականության տեսության ոլորտում, այն շատ համահունչ կլինի նույն տեսության՝ զգայականը և տրամաբանականը պատկերի մեջ ներկայացնող ընկալումներին։ Գրողն, ընդհանրապես, պատկերներ ու վիճակներ է ստեղծում, որոնցով ազդում է մեր հույզերի, տրամադրությունների վրա և պատասխան զգացումներ է առաջացնում մեր մեջ։ Բայց այդ զգացմունքայնության մեջ չի կորչում գրողի գաղափարը, դիրքորոշումը, կյանքի հետ նրա փոխհարաբերությունների նկարագիրը և այլն։ Այսինքն՝ պատկերն իրական բովանդակություն է, որտեղ գրողի սուբյեկտիվ պահվածքը, ձևավորած գնահատականը, մոտեցումն է, որ արժեքավոր է դարձնում ստեղծագործությունը։ Այդ արժեքը գրական աշխարհում հաճախ այնքան մեծ է եղել, որ իրենով ծածկել է ողջ բովանդակությունը, ինչպես, ասենք, Սունդուկյանի այս արտահայտությունը, թե՝ «Խաթաբալայի Մասիսյանցը ես եմ», կամ՝ «Էլի մեկ զոհ»-ի Միքայելը ես եմ»։


Դառնալով ներկա գրքին, գրողի զգայականը, հոգեկանն ու տրամաբանականն այստեղ այնքան կուռ, համերաշխորեն ու գեղեցիկ են իրենց մեջ առել ուխտագնացություն կոչվող երևույթը, ընդհանրացնելով այն մի պատկերի մեջ, որ սխալված չենք լինի ասել, թե՝ Արմենյանը միլիոնավոր ուխտավորներով ստեղծված խորհրդի՝ ուխտագնացության խորհրդի կրողն է։ Այդպես է, թեպետ իր իսկ խոսքերով, «Միլիոնաւոր ուխտաւորներ որոնք այս ճանապարհին իրենց հաւատքը փորձի ենթարկած են, ամէն մէկը հոգեկան եւ զգացական տարբեր փորձառութիւն մը ապրած է։ Այս ուխտագնացութեան ընթացքին մենք պիտի ապրինք մեր ուրոյն փորձառութիւնը։ Այս ճանապարհին մենք պիտի գտնենք մեր ուղին»։


Գիրքը նոր որակ է հաղորդում գրականության տեսությանը, որովհետև ստեղծած պատկերը դուրս է տեսանելի իրական վիճակներից և դիտարկվում է զգայական-վերըմբռնումային վիճակների մեջ։ Այո, կա այդպիսի բան, որի մասին է խոսում «Ճանապարհն ու մենք»-ը, և դա այն է, երբ ներկայացված տիպական տեսակը ընկալելու համար ոչ թե քո շուրջը, այլ բոլորովին ուրիշ ուղղությամբ պետք է նայես։ Այն նրբագույն, անշոշափելի գոյավիճակ է, որին պետք է գտնել մարդկային ներաշխարհ և Տիեզերք հաղորդակցության մեջ։


Գրքի սկզբում նշված է, որ՝ Մեսրոպ Արք. Աշճյանն է իր «Յեզրն Աշխարհի»-ով հայկական ուխտագնացության գյուտը բացել Հարություն Արմենյանի հոգու ու մտքի առջև, և նա այդ գանձատուփի հրաշքն ամբողջությամբ ճաշակելու համար է, որ ձեռնարկել է իր ֆիզիկական մասնակցությունը Սուրբ Հակոբի ուխտագնացությանը։ Ի վերջո, նա իր այս հուշերով ու զգացումներով մի գեղեցիկ ներդրում է ավելացրել այդ գյուտը ուրույն ձևով զարդարելու համար, չմոռանալով, որ յուրաքանչյուր հայի համար «Ուխտագնացութեան գլխաւոր նպատակը պետք է ըլլա հոգեկան, մտային, ֆիզիքական ու կենցաղային մաքրազատումը որ Քրիստոսի պատգամը մեզմէ կը պահանջէ»։
Հավաքականությունը ֆիզիկականից ու նյութականից վեր, ոգեղեն գոյության մեջ եղող ուխտակրություն համարող գրողն, անշուշտ, իմաստասիրական որակներով օժտված պետք է լինի։ Հենց այդպիսին էլ ներկայանում է առաջին հայացքից գունագեղ ապրումների տրամադրող հեղինակը, որից հետո է ահա, որ գալիս են մարդուն շրջապատող կամ նրան զբաղեցնող շատ երևույթների թաքնված իմաստները նրա կողմից վեր հանելու, հարցեր բարձրացնելու լրջագույն պահերը.


Մտքիս մէջ ուխտագնացութեան հասկացողութիւնը կենթադրէ
չարչարանք ու զոհողութիւն
Սակայն մեր այս դարուն երբ հաճոյքը
կեանքի հիմնական մղիչ ուժ է
մարդիկ ուխտագնացութիւնն ալ կընդունին որպէս հաճոյքի աղբիւր
Սխա՞լ է ուխտագնացութիւն բառը գործածել այս ճանապարհը
քալողներու մեծամասնութեան համար
կամ՝
Ինչպես կեանքի մէջ այնպէս ալ այս ճանապարհին
Ամէն վերելքէ ետք կայ վայրէջք
Արդեօք ինչո՞ւ կեանքի մէջ ամէն վայրէջքէ ետք
Չկայ միշտ վերելք


Այո, իսկապես, իր ոգեղեն պատկերի մեջ, հավաքական ուխտագնացությունը անսկիզբ ու անվերջ ընթացող պրոցես է, որը կյանքի նման վերելքից հետո վայրեջք ևս ունենում է։ Վերելք, վայրեջք, կրկին վերելք... Իսկ կյանքում, վայրեջքներ կան, որոնք վերելքի չեն տանում։ Ինչո՞ւ։ Պատասխանը գտնում ենք գիրքն իր ամբողջության մեջ ընկալելուց հետո, հասկանալով, որ՝ վայրեջքներ կան, որոնք վերելքի չեն տանում, որովհետև նման տարածքներում բացակայում է հավաքական ուխտագնացության ոգեղեն ներկայությունը։
Ոգեկանի տիրույթներում գործող համընդհանուր ուխտագնացությունը տանում է դեպի մաքրագործում, ահա հեղինակի ասելիքը, որով կարևորում է ազգային ոգու կուռ ներկայությունը «մաքրազարդվելու» շուրջը։


Կարեւորը ճանապարհին մեր ստացած մաքրազտումն է
Մեր ոգեկանի բարձրացումը
Ուխտագնացությունը ըստ հեղինակի, ներկա պահի մեջ ստացած, բայց
ապագա տարիների վրա ավելացված մեր հոգու ջերմությունն է,
Ջերմութիւն որ այս ճանապարհին ապրուած րոպէներու յուշերը մեզի պիտի պարգեւեն
Որպես իմաստասիրական մտորումների ամփոփում կարելի է նկատել գրքի ասելիքն ամփոփող վերջին բաժնում գրված այս տողերը, թե՝ «Աստուծոյ եւ Աստուածորդիին հետ առեւտուր չըլլար», այլ անձնական փորձառությամբ, ինքնաճանաչումով, մաքրագործվելու մղումներով, մարդկային հարափոփոխ երթի մեջ որպես ուխտավոր պետք է առաջ շարժվես։


Գիրքը մեզ հուշում է, որ հոգևոր ուխտագնացությունը, որն ազգային գաղափարականի մեջ հոգևոր-զգայական նպատակակետ է՝
...երբեք չի ամբողջանար
Եւ որ մեզ կը մղէ հոն վերադառնալու։
Մանավանդ, որ ըստ Մեսրոպ Սրբազանի մեջբերումի, Ս. Հակոբոս առաքյալը խնդրել է Քրիստոսին, որ նրանք, ովքեր ուխտի կգնան իր գերեզմանին, դատաստանի չկանգնեն, այլ նրանց մեղքերը ներված համարվեն։


Առաքյալի հետքերով գնացողները մաքրազարդվելու ճանապարհը բռնողներն են, իսկ համընդհանուր մաքրազարդումներին մասնակից լինելը, որը հավաքական ուխտագնացության յուրահատուկ, ոգեղեն ընկալումների տիրույթում է՝ ամենօրյա պարտադիր ճանապարհ է այն կրողների համար։ Գիրքը կոչ է անում՝ ծառայել բարուն ու գեղեցիկին, դրանով իսկ դառնալով մաքրագործման տանող հայոց ոգեղեն ուխտի անդամներ։ Ընդունենք Հարություն Արմենյանի կոչն ու բռնենք մաքրագործման հոգևոր-միասնական ուխտագնացության մեջ մեր ճանապարհը։

Դիտվել է՝ 9449

Մեկնաբանություններ